(վկայություններ մահվան, թաղվելու, հարության հավատի, ննջեցյալների համար հոգևոր կարգեր պահելու կարևորության մասին)
ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
«Այսպիսով, ոչ թե մահն է չար բան, այլ` մեղավորի մահը»
Հովհաննես Ոսկեբերան
(սկիզբը` նախորդ համարում)
ՄԵԾ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՍ
Նախապես ասենք, որ մեր քննումներն առավել սակավ մեղավոր ննջեցյալների չափանիշներով ենք արել, որպեսզի խնդիրն առավել հստակ ներկայացվի, քանի որ մեր նպատակն է այս խառնիխուռն ժամանակի մեջ նաև ոչ կեղծավոր հավատ քարոզելը, որպեսզի ոչ թե վախի գործոնը նախ` խոսի, այլ հավատի քաջալերանքը, որ հանդիպեցնում է շնորհին: Իսկ բոլոր մեղավորների համար մեր Տեր Աստծով մշտապես էլ եղել և մնում է «Որդիների ապաշխարությունը ծնողների կամ նախնիների մեղքերի դիմաց»: Հին օրենքով այս հարցն այնքան կարևոր էր, որ երբ եղբայրներից մեկն անժառանգ էր մեռնում, մյուս եղբայրը կնության էր վերցնում մահացածի կնոջը, որպեսզի մահացածի համար ապաշխարող զավակ հասցներ: Նոր Կտակարանով նման օրենքները ստվերային և հին դարձան, քանի որ Քրիստոսն է հոգում թե այս աշխարհում ապրողներին և թե ննջեցյալներին: Այսինքն, Աստվածաշունչը կտրուկ դատապարտության դոգմա չէ, որ օրենքն ունի, այլ, ով վերադառնում է Աստծո պատվիրաններին, մանավանդ` Լեռան քարոզին, ապա Աստված էլ իրեն է վերադառնում` շնորհներով և ամենայն մխիթարություններով: Ցավ ի սրտե, նման հարցերի մասին մամուլով և գրքերով քիչ է խոսվում, և աշխարհի ալեկոծումները գալիս ու այդ քիչն էլ են սակավացնում, մոռացնել տալիս:
Քրիստոնյա ննջեցյալի հոգու վիճակները դիտվում են ըստ Փրկչի հարության քառասուն օրերի, և վստահ ենք, որ քրիստոնյաներիս հետ նույն բաներն են լինում, ինչ մեր Տիրոջ հետ, քանի որ Տերն իրենների համար ասաց` Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը: Եվ որ մեր մեջ լինելով է մեզ հետ: Այսինքն, մեր մեջ լինելով, մարմնի մահվան դեպքում մեզ չի լքում, այլ տանում է այն ճանապարհով, որով Ինքն է ընթացել: Այսինքն, նույն ճշմարտության ճանապարհով գնացողին, որ մարմնով մահացել է, նույն կամ հարանման երևույթներ են հանդիպում կամ հանդիպելու են. այն ամենը, որ եղել են Փրկչի մահից, թաղումից և Հարությունից հետո մինչև Համբարձում: Նույն բաները, սակայն, առանց հարության շոշափելի մարմնի, որ Փրկիչն ուներ, քրիստոնյա ննջեցյալները` դեռ ոչ: Եվ, բնականաբար, թեպետ փոքր ու կենդանի, սակայն ազդեցիկ արտահայտություններ են սրանք ևս` Տիրոջ գերհաղթ զորությամբ արտահայտված և ըստ մարդուս մեղավորության չափի տեսակավորված: Ըստ այդմ, տեսնում ենք, որ քրիստոնյա ննջեցյալի բանական հոգին թաղումից հետո ևս շրջում է ծանոթների, մերձավորների շրջանում և այնտեղ, ուր նրա անունն են տալիս:
Եվ ավանդույթ լսեցի, որ ննջեցյալի յոթերորդ օրվա հիշատակը տոնելուց հետո, մինչև քառասունք, մինչև համբարձում, նրա հոգին երեսուներեք օր շրջում է երկնքի ու երկրի միջև: Եվ երեսուներեքը, ինչպես գիտենք, մեր Փրկչի այս աշխարհում ապրած տարիների թիվն է, այսինքն, այդ թիվը ևս նախասահմանական իր կենսունակությունն ունի (Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ևս երեսուներեքն են, կրկին նույն խորհրդաբանությամբ): Բազմաթիվ թվային համաչափություններ ևս այն մասին են խոսում, որ Տիեզերքը ներդաշնակ մի կենդանի համակառույց է, և ըստ այդ համակառույցի ներդաշնության են Աստծո` Մովսես մարգարեին տվածը և առավելով` Լեռան քարոզի պատվիրանները, և ով ընդդիմանում է այդ ներդաշնությանը, վերջում ինքն է վնասվում: Այսինքն թե, երբ ասում են` մի մեծ հանցագործ մահացավ ու ազատվեց պատժից, ամենևին էլ այդպես չէ: Ինչպես նախորդ հոդվածից ենք հիշում` Աստծո ծրագրում կա կյանքի հարություն և դատաստանի հարություն, այսինքն` յուրաքանչյուրիս ապագան մեր իսկ ձեռքում է Աստված տվել, մեր նավակի թիավարը մենք ենք, և մեզնից է կախված` հավիտենության խաղաղ օվկիանի՞ մեջ ենք թիավարելու` Քրիստոսին ընդունելով, թե՞ քաոսի կամ պատժի` Քրիստոսին ընդդիմանալով: Մանավանդ, բարին ընտրելու դեպքում, Աստված Ինքն է զորակցում մեզ, ամենայն ժամ:
Հարություն առած Փրկիչը շոշափելի մարմնով էր երևում մարդկանց, քրիստոնյա ննջեցյալները հոգով (հոգևոր մարմնով), և նրանք են ճանաչում ու տեսնում, ում ննջեցյալներն իրենք Տիրոջով երբևէ կամենան: Օրինակ, երբ այս բաժինը գրում էի, երկու նոր ննջեցյալ նկարիչներ բանականորեն իրենց հոգևոր ներկայությունը դրսևորեցին, ասես կենդանի, այս զրույցին մասնակից, քան բազմաթիվ մարմնով կենդանի մարդիկ, վերստին ու վերստին հաստատելով Աստծո խոսքը, թե` գերեզմաններում ևս լսվում է այն խոսքը, որ Աստծուց է: Սա նշան է նաև, որ քրիստոնյա ննջեցյալներն իսկ Աստծո խոսքի են ծարավի: Իսկ բանական հոգու համար տարածքի հեռավորություն գոյություն չունի: Այսինքն, երբ մենք Աստծո նշած վարքով ենք ապրում, որքան որ, այդքանով իսկ այդ խոսքով ապրելը կենդանարար է նաև քրիստոնյա ննջեցյալներին: Իսկ նրանցից հոգով առավել կատարյալներն իրենց հերթին կարող են բանական հոգով ընկերակցել, օգնել մեզ ըստ իրենց շնորհների: Եվ այդպես էլ անում են: Խոսքս Աստծո` մեր ազգի նվիրյալ մեծերի մասին է: Նաև մարդկության մեծերի: Երբ այսօրվա «Աղբյուր», նախկին «Պիոներ» ամսագրում էի աշխատում, ինձ վեցերորդ դասարանցի մի տղայի ծնողներ հրավիրեցին իրենց տուն: Երեխան սկսել էր նկարել թե Վան Գոգի ոճով, թե՛ Պիկասոյի, թե՛ Լեոնարդոյի, թե՛ Մինասի, թե՛ Սարյանի, երբ ոչ միայն որևէ մեկի անունը չգիտեր, այլ որևէ ցուցահանդես էլ չէր տեսել: Հոր բերած թղթերը չէին բավարարել, և նա սկսել էր նկարել միջանցքի, խոհանոցի պատերին: Չգիտեմ` նկարիչ դարձավ, թե ոչ, բայց նա մեծ հոգիների ընկերակցությունն ուներ, մինչև որ իր անհատական ասելիքն ու ոճը գտներ: Նույնն է նաև բարեխոս սրբերի օգնությունը: Ըստ այդմ են մեր եկեղեցում մկրտվողները նոր անուն ստանում, և նոր օծվող հոգևորականները սրբերի անուններով կոչվում` արդեն իրենց ծնողների դրած անունները մի կողմ դնելով: Եվ ում անունով անվանվում են, նրանց շնորհների հովանին են ունենում: Ասելիքս այն է, որ հոգիների` աշխարհի հետ Աստծո շնորհներով կապը մշտական է, որ զարգացում է տանում ամենքին էլ, երբ մարդիկ ըստ Աստծո Ավետարանի ապրեն, և մեծ հոգիները հենարան են դառնում նորերին, ինչպես Եղիայի հոգին էր ներգործում թե՛ Եղիսե մարգարեի և թե՛ Հովհաննես Մկրտչի վրա: Եթե մենք Աստծո բարիով ենք գործում, նրանք սկսում են մեզ լավագույն հենարան դառնալ, մեզ իրենցով կրկնակի զորավոր դարձնելով: Իսկ գերական Աստծո խոսքն է ամենքիս համար էլ, որովհետև Տերն իր Խոսքը Կյանքի Հաց կոչեց, որ մարդ. «Ոչ միայն հացով է ապրում, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Մի բան, որ վերաբերում է բանական հոգիներին, և ըստ այդմ են հիշատակի օրերը և Տերունական տոներին հաջորդող մեռելոցները: Դրանց կարելի է ավելացնել շաբաթ օրերը, երբ ննջեցյալներին հիշում են մոմ վառելով, աղոթքով և խունկ ծխելով: Այդ նկատի ունի ժողովուրդը, որ շաբաթ օրերին բնակարան չի ավլում: Միամիտ է այդ միայն սնահավատություն դիտելը, քանի որ իմաստն այն է, որ ոչ թե բնակարան ավլելն է մեղք, այլ որ Աստծո Խոսքը խոսվի, աղոթք և հոգևոր երգեցողություն հնչի, և ոչ թե հոգսը կարևորվի: Քանի որ ավանդույթ կա, որ շաբաթ օրերին ննջեցյալների հոգիները առավել են այցելում մերձավորներին: Եվ այս խորհուրդը դեռևս Հին Կտակարանից եկած Աստվածային և մշտական այն կարգն է, թե ապրողներին և նրանցով ննջեցյալներին էլ է վերաբերվում. «Շաբաթվա առաջին օրը և վերջին օրը սուրբ հավաքույթ արեք», որ և` կիրակի և շաբաթ օրերն են: Այսինքն, նման թեկուզ և միայն ընտանեկան հավաքույթներն օգտակար են նաև ննջեցյալների համար: Իսկ շաբաթը ննջեցյալների հետ հարաբերվում է այն բանով, որ Տիրոջ հանգստյան օրվա մեջ նաև հոգիների հանգիստ առնելու մասին է, որ Աստծով մեկ հազարամյակ է, կարապետը հոգիների հարության` մեծ Կիրակիի և հոգևոր պատմության մեջ իր ժամանակին կատարվելու իրականություն:
Հաճախ մեզ օգնող մեծ հոգիները չեն կամենում, որ իրենց ճանաչենք, եթե անպատրաստ ենք, որովհետև կարող ենք ծայրահեղ չափազանցվածությամբ ընդունել կամ վախենալ: Այսինքն, բաներ կան, որ չգիտենք և աստվածճանաչողությանը որքան անխարդավանք մոտենանք, դրանք կբացվեն մեր առաջ: Հաճախ սրբերն են օգնում մեզ, բայց ասում ենք` Աստված օգնեց: Սակայն ճշմարիտն այն է, որ սրբերը Աստծով օգնեցին: Եթե ոչ, հավատի սուրբ ու սքանչելի դաշտն ու այգին, որ Քրիստոս իր առաքյալներով ու հոգևոր հզոր կոչվածներով մշակեց, անպտուղ, անջրդի անապատ կլիներ:
Հարության նույն օրն իսկ Էմմավուս գյուղ գնացող իր երկու աշակերտներին Փրկիչը երևաց որպես ճամփորդ: Աշակերտները նրան չճանաչեցին: Նրանք խռովված էին Խաչելությունից և ցավ էին արտահայտում և ափսոսանք: Մարգարե մարդու սպանեցին,- ասում էին նրանք,- ափսո՜ս: Սակայն Հիսուսը նրանց հանդիմանեց, թե Աստծո ծրագիրը նրանք չեն հասկացել, ապա բացատրեց նրանց, թե Սուրբ Գրքով այդպես էլ պիտի լիներ, և աշխարհի փրկագործական ծրագիրն է Խաչելությամբ պարգևվել մարդկանց: Իսկ երբ երեկոյան իր աշակերտ ճամփորդների խնդրանքով նստեց հացի, հացը կտրելու ժամանակ ինքն իրեն ճանաչել տվեց, և աշակերտները երբ ճանաչեցին, որ Տերն է, Տերն աներևույթ եղավ:
Բնականաբար, հարանման, սակայն մարդկային համեստ չափանիշների մեջ երևումներ լինում են քրիստոնյա ննջեցյալների կողմից էլ, սակայն միայն հոգևոր մարմնով: Օրինակ, մինչև այսօր սուրբ Վարդան զորավարը շատերին է երևում և իր երևմամբ հոգու խաղաղություն, առաքինի վարք, կորով, հոգու գերակա հաղթանակի զորություն է փոխանցում, Աստվածային Քրիստոնեությունը որպես Հայրենական դավանանք ճշմարիտ արտահայտում, ներշնչում մեզ, կենդանարար դառնում տեսնողների համար:
Ճանաչված հայ գեղանկարիչներից մեկի` Բ. Եղիազարյանի դուստրը ևս նկարում էր: Նրա նամակները` իր ամուսնուն ուղղված, նման էին «Երգ երգոցի»: Դրանցից մի քանիսին ծանոթացա. արժեր հրատարակել: Աստվածաշնչյան մեջբերումներով էին և հավատը որպես սեր և սերն Աստված խոր ըմբռնումով: Երբ ավտովթարից զոհվեց, առաջիկայում հոր հետ նախատեսել էին աղքատներին օգնելու համար միասին ցուցահանդես բացել: Հայրը միայնակ բացեց ցուցահանդեսը և... ցուցասրահում հայտնվեց Լուսինեն: Հայրը տեսավ, սրահով վազեց դեպի դուստրը, որ... աներևույթ եղավ:
Եվ մեր այս հոդվածաշարը մի նպատակ ևս ունի, որ քրիստոնյա հոգիների կենդանի լինելը հավատալու հետ մեկտեղ, մարդ մղում ունենա վեհ վարքով և բարիք գործելով, մարդասիրելով ապրել, որ այնկողմնայինում իր հոգին էլ վեհ և հոգով հաղթող և արժանավոր և գեղեցիկ արտահայտվի: Օրինակս նույն հայազգի դստեր մասին է, որ Հայաստանում չէր բնակվում, և ում նամակները երգ երգոց էին հիշեցնում:
ՈՒշ աշուն էր: Ընկերուհին այգում, խնձորենու ծառի տակ, երբ մի շարք անգամներ աղոթեց Լուսինեի հոգու համար, մի առավոտ արթնացավ, տեսավ, որ` խնձորենին ծաղկել է, միայն այգու այդ խնձորենին: Սա ևս ննջեցյալի հոգու երևում է` բարի ու գեղեցիկ, և կամ Աստծո պատասխանն է աղոթողին, որ ննջեցյալների համար նման աղոթող, Աստծո խոսքի սիրով ընկերությունն ու բարեկամությունն է իր առջև հաճելին: Իսկ ինչ վերաբերում է այդ որոգայթ վթարին, որով այդ գեղեցիկ վարքով հայուհին զոհվեց, կարող էր և չլինել: Եթե յուրաքանչյուրս և ամեն օր երբ աղոթենք մեր և մեր մերձավորների համար, Աստված քանի քանիսին հեռու պիտի պահեր փորձանքներից, ինչպես որ ամեն օր ու ժամ անում է իրեն խնդրանքով դիմողների համար: Եվ այլոց հետ եղած պատահարները մեզ հիշեցնում են ամեն օր ու ժամ արթնամիտ լինելու մասին, մանավանդ նեղ ու դժվար ժամանակներում:
Այսինքն, ինչքան որ Տիրոջ սիրով ու նրան հետևորդելով մարդասեր ենք ապրում, Տիրոջ հետ մահից այն կողմ կատարված խորհուրդները մեզ հետ էլ են լինում, մեզ էլ են փոխանցվում, ըստ մեր վարքերի արժանիքների, չափ ու կշիռների, գիտակից նվիրվածության:
ՀԱՑ ԵՎ ՁՈՒԿ, ԿԱՄ ՆՆՋԵՑՅԱԼԻ ՅՈԹՆՕՐԵՔԸ
Ըստ Ավետարանական դրվագի, մեր Փրկչի յոթնօրեքը, կարծում եմ, այն օրն է, երբ աշակերտներից յոթը ելան ձկան որսի:
Հիսուսի բազմաթիվ երևումները երեք ընդհանրական նախախնամական շեշտադրումներով են, և առաջին երևումից հետո Ավետարանիչն ասում է` «Ասկէ ետք՝ Յիսուս դարձեալ բացայայտեց ինքզինք իր աշակերտներուն, Տիբերիայի ծովուն եզերքը»: Այդ է, կարծում եմ, յոթնօրեքը, որովհետև առաջինի հաջորդն է, իսկ վերջին երևումը աշակերտներին` քառասունքն է, երբ Փրկիչը համբարձվեց:
Յոթնօրեքի այս երևումը, որպես հաջողության, առատության և վերջում հացի և ձկան սիրո նախախնամական ճաշի պարգևով է ավարտվում: Աշակերտներն ուտելու բան չունեին և Պետրոսի առաջարկով ծով ելան ձուկ բռնելու: Ողջ գիշեր չհաջողվեց ոչինչ որսալ: Ափին մոտ էին և առավոտյան ծովափին տեսան Հիսուսին և ինչպես Էմմավուսի երկու աշակերտ ճամփորդները, իրենք ևս չճանաչեցին: Հիսուս հարցրեց. «Որդյակնե՛ր, ուտելու բան ունե՞ք»: Ասացին` ո՛չ, չունենք: Հիսուս ասաց` ուռկանը գցեք նավակի աջ կողմը և կգտնեք: Գցեցին և ուռկանը լիքը լցվեց ձկներով: Հովհաննես սիրելի աշակերտը ճանաչեց, որ Փրկիչն է և Պետրոսին ասաց. «Տերն է»: Հարյուրհիսուներեք հատ խոշոր ձուկ էին բռնել և զարմանում էին, թե ինչպես է, որ ուռկանը չպատռվեց: Երբ ափ ելան, Հիսուս ասաց. «Եկեք ճաշեցեք»: Ափին վառված կրակ կար, (խորոված) ձուկ և հաց: Հիսուս օրհնեց, կտրեց հացն ու ձուկը և տվեց նրանց:
Ըստ այս նախախնամական, համաքրիստոնեական, խորհրդաբանական կենդանի դրվագի, քրիստոնյա ննջեցյալներին, հոգու համար հաց տալիս կամ բաժանելիս, հաց և ձուկ են տալիս: Իսկ գինին, ինչպես Գիրքն է ասում, տալիս են վշտացածներին, որպես մխիթարություն և նաև, որ հաղորդություն է հիշեցնում իր պարկեշտ չափի մեջ և օգտակար է նաև ննջեցյալին, որ իր հոգևոր մարմնով հավաքվածների հետ է: Ոչ թե օղին ենք դատում, այլ ասում ենք, թե որն է նախընտրելին, եթե ոչ, ամենակարևորը` սուրբ սերն է Աստծո խոսքով, ինչպես որ Աստծո Գիրքն է կատարելությունը մեզ որպես սիրո ճանապարհ ուսուցանում:
Ձկան որսի վիթխարի այս դրվագում նուրբ և մեծ խորհուրդներ կան, որոնք առանձին մեկնման կամ առանձին զրույցների կարիքն ունեն: Այսինքն, հոգեհացի սեղանների խորհրդաբանությունը լավ է կարևոր համարել, քանի որ նախախնամական կենսունակությամբ կապված է հարության կյանքի հետ և Փրկչի ետհարության զորավոր ներկայության, որ երբ հավատանք` մեզ էլ է փոխանցվում:
Հոգիների աշխարհով, բնականաբար, մեր Տիրոջ գիտնականներն էլ են զբաղվում, ովքեր Տիրոջից ներշնչում, շնորհ ունեն, քանի որ նրանց աշխատանքի արդյունքներով հավատ է ծագում, ավելանում և ամրանում` տասնյակ հազարավոր մարդկանց մղելով առավել հետևողական հավատի, որով է նաև լինում նախախնամականի առավել ճանաչում: Որովհետև Քրիստոսին հավատալով և Նրան Ճշմարտության ճանապարհ դիտելով, հազարապատիկ ավելի կարելի է մոտենալ ճշմարտությանը, երբ Տերն ամենքիս է խրատել` ճանաչիր ճշմարտությունը, և ճշմարտությունը քեզ կազատի: Այսպես Աստծո գիտությունը սկիզբ կարող է դառնալ շատերի հավատի: Վկայվում է, որ ԽՍՀՄ-ի տարիներին ռուսական ակադեմիական մի կենտրոնում ուղեղի աշխատանքը գրանցող սարք ստեղծեցին և իշխանությունից գաղտնի սկսեցին դիակների վրա փորձեր կատարել: Անշուշտ, չհոտելու համար նախ դիակի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին: Սարքը, որ օրեր շարունակ ոչինչ ցույց չէր տալիս, մահվան յոթերորդ օրը «ինքն իրեն» ակտիվացավ և սկսեց աշխատել: Ողջ օրն աշխատեց և կրկին անջատվեց: Եվ կրկին առավել լիարժեք ակտիվացավ ու աշխատեց մահվան քառասուներորդ օրը: Այսինքն թե, ըստ սարքի, մարդը կենդանի էր: Ըստ սարքի` մահացածի ուղեղն ահա լիարժեք աշխատում էր: Սակայն երբ բացեցին, տեսան` ուղեղն այնքան էր քայքայվել, ավերակվել, որ կարելի է ասել, արդեն ուղեղ գոյություն չուներ: Փորձարկումը, ըստ վկայության, մինչև քառասունք է տևել, մինչև սարքի կրկին անջատվելը: Այնուհետև դիակը թաղել են: Խաչիկ Ստամբոլցյանը պատմում է, որ երբ Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտի այս աստվածաշունչ հետազոտողները իրենց աշխատանքի արդյունքների մասին զեկուցեցին, ցավոք, նրանց պատիվ տալու, պարգևատրելու փոխարեն գազանաբար հալածեցին և... աքսորեցին: Այնուամենայնիվ այս մարդիկ հաղթեցին` գիտությամբ ապացուցելով քրիստոնեության գերական մարդու հոգևոր մարմին ունենալու, մահից այն կողմ էլ հոգով կենդանի լինելու և հավիտենության խորհրդաբանության ճշմարիտ լինելու մասին և իրենց խիզախ գործով հազարավոր մարդկանց մղեցին հավատալ նախախնամականին, նաև ննջեցյալների յոթին և քառասունքին:
Ինձ արձակագիր Վալտեր Արամյանն է պատմել հետաքրքիր մի դրվագ իր եղբոր` ճանաչված գրող Ռաֆայել Արամյանի մահվան և հետո նրա` իրենց բնակարանում օրհնյալ երևման մասին: Ռաֆիկի մասին պատմում էին, որ առավոտյան տնից դուրս էր գալիս ուրիշների գործերն ու հոգսերը հոգալու, անգամ նրանց, որոնց առաջին անգամ էր տեսնում: Այդպես նշանակալի մարդասեր և արդարասեր լինելով, նրա երևումն էլ որոշակիորեն Տերունական-նախախնամական եղավ: Որքան հիշում եմ, Ռաֆիկի այս երևումը կապված էր նրա յոթնօրեքի հետ:
Ռաֆիկը նախապես երազում տեսիլքով խաղաղեցրել է հարազատներին, որպեսզի իր երևումից չվախենան և ասել, որ Վալտերենց տան պահարանում, շորերի մեջ կոնյակ ունի պահած, դնեն խոհանոցի սեղանին, ուզում է գալ, ճաշակել և որպես վկայություն, բաժակն էլ իր հետ տանելու է: Չվախենա՛ն: Այդ թե՛ հրաժեշտի և թե՛ նրանց հավատի համար է Աստծով անում: Ապա եկել է, անցել փակ դռների միջով և կոնյակ ճաշակել ու հեռացել... բաժակն էլ տանելով, որ տնեցիների համար լինի վկայություն:
-Այդ օրվանից,- պատմում էր Վալտերը,- մեր տանը հավատի նախախնամական խորհրդավոր պաշտամունք է տիրում, մեր տունն ասես եկեղեցի լինի, մերոնք հաճախ պահք ու աղոթքի մեջ են, ամիսներ շարունակ մերոնք տանը գրեթե շշուկով էին խոսում, ասես այդպես հարգելով վեհ մի բան, որ Տերունական քայլով այցելել էր մեր տուն և իր զորավոր շունչը թողել այնտեղ:
Ոչ մի մարդու համար իր հոգու Աստծով մշակումից, հոգու փրկությունից, կատարելացումից առավել գերակա խնդիր չկա: Քրիստոսը ջարդում է սովորույթները, որոնք քաղցր ցանցով որսում են մարդկանց գերավարվել անցողիկին կամ ստվերայինին կամ մեռելապաշտությանը: Երբ աշակերտներից մեկն ասաց.
-Վարդապետ, հայրս մահացել է, գնամ թաղեմ, ապա կգամ քո հետևից:
Հիսուս նրան պատասխանեց.
-Թող մեռելները թաղեն իրենց մեռելին, իսկ դու արի իմ հետևից:
Այսինքն թե` կյանքի և ճշմարտության հետևից, որով է ամեն բան յուրաքանչյուրիս համար և որով է նաև ննջեցյալի հանգիստը գերեզմանում: Եթե ոչ, մինչև վերջին թելը ծախսելով ննջեցյալին իբր բարերարելու համար, իրենք դառնում են մուրացիկներ, հավիտենության Դուռ Քրիստոսին էլ համարելով ազատ ժամանակ միայն անդրադառնալու խնդիր և ոչ թե նախն ամեն բանից և ամեն բանից գերական, որ է:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ